Ինչպե՞ս սահմանել թրաֆիկի սահմանափակումներ մուտքի բանալիների համար
Դուք կարող եք նշել թրաֆիկի սահմանաչափ, որը կգործի մուտքի բոլոր բանալիների համար։ Սահմանաչափը նշելու համար բացեք Outline Manager-ը և անցեք Կարգավորումներ։ Այստեղ դուք կգտնեք «Թրաֆիկի սահմանափակումներ» փոխանջատիչը, որը միացված լինելու դեպքում թույլ կտա նշել սահմանաչափ։

Սահմանաչափ նշելուց հետո դուք մուտքի բանալու էջում կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր օգտատեր որքանով է մոտեցել այդ սահմանաչափին: Այդ էջում սյունակաձև տրամագրի տեսքով ցուցադրվում է թրաֆիկի օգտագործումը վերջին 30 օրում։

Բացի այն, որ հնարավորություն ունեք սահմանաչափ նշելու ձեր բոլոր մուտքի բանալիների համար, դուք կարող եք նաև յուրաքանչյուր բանալու համար առանձին սահմանաչափ նշել։ Կանխադրված սահմանաչափը կփոխարինվի այս սահմանաչափով։ Եթե մինչ այդ կանխադրված սահմանաչափ չեք նշել, դուք միևնույն է կկարողանաք առանձին սահմանաչափ նշել ցանկացած բանալու համար։
Եթե ուզում եք որևէ բանալու համար թրաֆիկի սահմանաչափ նշել, բացեք Outline Manager-ը, անցեք «Միացումներ» ներդիր, որը պարունակում է ձեր ուզած բանալին, և սեղմեք բանալու տողի աջ կողմում գտնվող ընտրացանկի վրա։ Սեղմեք «Թրաֆիկի սահմանափակում»։ Թրաֆիկի սահմանաչափը «Մուտքի իմ բանալին» բաժնում փոխելու համար սեղմեք «Թրաֆիկի սահմանափակումներ» պատկերակի վրա ։

Ընտրեք «Սահմանել թրաֆիկի սահմանաչափ» նշավանդակը։ Այն ընտրելուց հետո մի դաշտ կհայտնվի, որտեղ կարող եք նշել թրաֆիկի սահմանաչափը տվյալ բանալու համար։ Երբ վերջացնեք, սեղմեք «ՊԱՀԵԼ» կոճակը՝ թրաֆիկի սահմանաչափը պահելու համար։

Հենց որ ձեր ընտրած բանալու համար պահեք թրաֆիկի սահմանաչափը, այն կցուցադրվի հիմնական էկրանին յուրաքանչյուր բանալու՝ վերջին 30 օրվա ընթացքում օգտագործած թրաֆիկի հետ միասին։
Թրաֆիկի սահմանաչափը մուտքի բանալուց հեռացնելու համար անցեք տվյալ բանալու «Թրաֆիկի սահմանափակում» երկխոսության պատուհան, ինչպես նախորդ անգամ, հեռացրեք «Սահմանել թրաֆիկի սահմանաչափ» նշավանդակի նշումը և սեղմեք «ՊԱՀԵԼ» կոճակը։

Թրաֆիկի սահմանափակումների մասին ՀՏՀ
Ի՞նչ է 30-օրյա սահող սահմանաչափը
Թրաֆիկի 30-օրյա սահող սահմանաչափը թույլ է տալիս հաշվել յուրաքանչյուր բանալու օգտագործած թրաֆիկը վերջին 30 օրվա կտրվածքով և հետևել, որ գումարային արժեքը չգերազանցի նշված սահմանաչափը այդ ժամանակահատվածում։ Նպատակն այն է, որ տվյալ բանալին չգերազանցի նշված սահմանաչափը կամայական 30-օրյա ժամանակահատվածում, այդ թվում՝ 30 օր կամ ավելի պակաս տևողությամբ օրացուցային ամսվա ընթացքում։ Սա նշանակում է, որ ամեն օր որոշակի օգտատիրոջ համար հասանելի թրաֆիկը կավելանա այն ծավալով, որը նա օգտագործել է 31 օր առաջ։
Ինչո՞ւ է Outline-ը օգտագործում սահող սահմանաչափեր
Սահող սահմանաչափերը ծածկույթ են ապահովում կամայական 30-օրյա ժամանակահատվածի համար, ինչը նշանակում է, որ դրանք ավելի հեշտ է կարգավորել, քան կրկնվող սահմանաչափերը (օրինակ՝ կախված ամսվա օրվանից), ընդ որում՝ ապահովվում է նույնատիպ պաշտպանություն։ Բացի այդ՝ դրանք համապատասխանում են Outline-ի թրաֆիկի օգտագործումը ցուցադրելու ընդունված եղանակներին, ինչպես նաև այնպիսի տարածված գործիքներին, ինչպիսիք են սերվերի օգտագործման վերլուծության և վիճակագրության ծառայությունները։
Ո՞ր թրաֆիկն է հաշվի առնվում թրաֆիկի սահմանաչափում
Հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում սերվերից դուրս եկող թրաֆիկը յուրաքանչյուր մուտքի բանալու համար։ Այլ կերպ ասած՝ հաշվի են առնվում այն տվյալները, որոնք ուղարկվում են սերվերից բանալու անունից, ինչպես նաև հետ՝ սպասառուին։ Գործնականում այս արժեքը պետք է հնարավորինս մոտ լինի բանալուց դեպի սերվեր և հետ ուղարկվող թրաֆիկի քանակին, ուստի մենք հուսով ենք, որ այն կհամապատասխանի ձեր օգտատերերի հաշվիչներին։ Մենք ընտրել ենք ելքային թրաֆիկը, քանի որ հենց դրա համար են վճար գանձում հարցմանը մասնակցած ամպային ծառայությունների մատակարարները։
Արդյո՞ք սահմանաչափը գերազանցելու դեպքում օգտատերերը ծանուցում կստանան
Այս պահին՝ ոչ։ Ամպային ծառայություններ մատակարարող ընկերություններից շատերը որոշակի սահմանաչափ են կիրառում, օրինակ՝ ամսական 1 ՏԲ, որը թույլ է տալիս 10 օգտատերերի օգտագործել 100-ական ԳԲ, կամ 100 օգտատերերի՝ 10-ական ԳԲ թրաֆիկ։ Դա բավականին մեծ թիվ է, ուստի մենք չենք կարծում, որ օգտատերերից շատերը կգերազանցեն այդ սահմանաչափերը։ Մենք ակնկալում ենք, որ օգտատերերը կդիմեն իրենց սերվերի ադմինիստրատորներին, երբ գերազանցեն իրենց համար նշված սահմանաչափը։ Սակայն մենք երախտապարտ կլինենք, եթե կիսվեիք մեզ հետ մտքերով այն մասին, թե ինչպես կարող են օգտակար լինել ծանուցումները ձեր իրավիճակում։ Դուք կարող եք գրել մեզ այս էջում։
Արդյո՞ք սահմանաչափին մոտենալու դեպքում օգտատերերը ծանուցում կստանան
Օգտատիրոջ համար հասանելի թրաֆիկի նոր ծավալն ամեն օր կփոխվի՝ կախված նրանից, թե որքան թրաֆիկ է նա ծախսել 30 օր առաջ։ Կարծում ենք, որ նախազգուշացումը վերջնական օգտագործողներին ավելի շուտ կշփոթեցնի, քան կօգնի։ Մենք շատ երախտապարտ կլինենք, եթե կարողանայիք այս մոտեցման վերաբերյալ կարծիք ուղարկել։
Կարո՞ղ եմ զրոյացնել օգտատիրոջ կողմից թրաֆիկի օգտագործման վիճակագրությունը
Ոչ, օգտատիրոջ սահմանաչափը միշտ ներառում է թրաֆիկի օգտագործման վերջին 30 օրը։ Սակայն դուք կարող եք բարձրացնել օգտատիրոջ բանալու թրաֆիկի սահմանաչափը կամ նրա համար ստեղծել նոր բանալի։
Ինչո՞ւ իմ օգտատերերից որոշները զրկվեցին մուտքից, երբ ես միացրի թրաֆիկի սահմանափակումները
Տվյալների սահմանաչափերը հիմնված են օգտատերերի նախորդ 30 օրվա ընթացքում օգտագործած թրաֆիկի վրա, որը գրանցվում է անկախ նրանից՝ թրաֆիկի սահմանափակումները միացված են, թե ոչ։ Հնարավոր է, որ այս օգտատերերն արդեն սպառել էին սահմանաչափը, նախքան այն կնշվեր։ Նաև նկատի ունեցեք, որ թրաֆիկի բոլոր սահմանաչափերը կիրառվում են նույնիսկ մեկ բանալու թրաֆիկի սահմանաչափի փոփոխման դեպքում։
Կարո՞ղ եմ արդյոք սահմանաչափ նշել ամբողջ սերվերի համար, օրինակ՝ «1 ՏԲ՝ 30 օրվա համար»
Այս պահին՝ ոչ։ Մենք իսկապես երախտապարտ կլինենք, եթե կարողանայիք պատմել օգտագործման ձեր օրինակի մասին այս էջում։
Եթե կա թրաֆիկի կանխադրված սահմանաչափ և թրաֆիկի սահմանաչափ որոշակի բանալու համար, այս դեպքում դրանցից ո՞ր մեկը կկիրառվի
Կանխադրված սահմանաչափը (եթե այդպիսին կա) միշտ կփոխարինվի առանձին բանալու թրաֆիկի սահմանաչափով։
Հնարավո՞ր է թրաֆիկի սահմանաչափ նշել որոշակի բանալու համար, եթե մինչ այդ թրաֆիկի կանխադրված սահմանաչափ չեք նշել
Այո։ Կարիք չկա նախապես կանխադրված սահմանաչափ նշել, որպեսզի այնուհետև կարողանաք որոշակի բանալու համար թրաֆիկի սահմանաչափ նշել։ Օրինակ՝ դուք կարող եք սահմանաչափ նշել մի բանալու համար, որը, ըստ ձեզ, կարող է լայնորեն տարածված լինել։ Այդպիսով դուք կպաշտպանեք ձեզ չափից շատ թրաֆիկի օգտագործումից այդ բանալու միջոցով։