Գաղտնիությունը և անվտանգությունը Outline-ն օգտագործելու ժամանակ
Գաղտնիությունը և անվտանգությունը Outline-ն օգտագործելու ժամանակ
Ինչպես է Outline-ը պաշտպանում ձեր տվյալների առցանց փոխանցումը
Ինտերնետային թրաֆիկն առավել խոցելի է վերահսկման համար, երբ անցնում է լոկալ կամ համապետական ցանցով։
Outline-ն ապահովում է ձեր տվյալների գաղտնիությունը՝ գաղտնագրելով ինտերնետային թրաֆիկը, երբ այն անցնում է ձեր երկրի ցանցով։ Տվյալները մինչև Outline-ի սերվերին հասնելը մնում են գաղտնագրված։ Եթե թրաֆիկը գաղտնագրվում է Outline-ի կողմից, երրորդ կողմերը չեն կարող իմանալ, թե որ կայքերն եք այցելում կամ ինչ տեղեկություններ եք փոխանցում։
Բացի այդ, Outline-ը կօգնի ձեզ վերականգնել տվյալների փոխանցման անվտանգ գործիքների հասանելիությունը, որոնք այլ պարագայում կարող են հասանելի չլինել ձեր երկրում։
Գաղտնագրման ստանդարտներ
Outline-ը գաղտնագրում է ձեր սարքից Outline-ի սերվերին փոխանցվող տվյալները՝ օգտագործելով AEAD 256-bit Chacha2020 IETF Poly 1305 ծածկագիրը։ AEAD ծածկագրերը ոչ միայն ապահովում են տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և իսկությունը, այլև դրսևորում են բարձր արդյունավետություն ժամանակակից սարքերում։
Անվտանգության աուդիտ
2018-ին Outline-ը աուդիտի է ենթարկվել Radically Open Security և Cure53 կազմակերպությունների կողմից։ Սրանք թվային անվտանգության ոլորտի երկու անկախ կազմակերպություններ են, որոնք ստուգում են ծրագրակազմերը՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են անվտանգության վերջին ստանդարտներին։ Radically Open Security ընկերությունը լրացուցիչ աուդիտ է անցկացրել 2022 թվականին, իսկ Cure53-ը Outline SDK-ը աուդիտ է իրականացրել 2024 թվականին։ Հաշվետվություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝
- Radically Open Security Penetration Test Report (2018 թ․ մարտ)
- Cure53 Pentest & Audit Report Jigsaw Outline (2018 թ․ դեկտեմբեր)
- Radically Open Security Penetration Test Report (2022 թ․ դեկտեմբեր)
- Cure53 Pentest Report Jigsaw Outline VPN SDK (2024 թ․ հունվար)
Անանուն ցուցանիշներ և մատյաններ
Outline-ը գրանցում է օգտագործված թողունակությունը՝ յուրաքանչյուր մուտքի բանալու համար «փոխանցված բայթերի» տեսքով։ Այս տվյալները թույլ են տալիս սերվերի ադմինիստրատորներին անհրաժեշտության դեպքում ճշգրտել թողունակության բաժանորդագրություններն ամպային սերվերների մատակարարների հետ, սակայն թույլ չեն տալիս նրանց դիտել Outline-ի սերվերի միջոցով փոխանցված տեղեկությունները։
Իմացեք ավելին Outline-ի կողմից /about/data-collectionտվյալների և տեղեկությունների հավաքման մասին։
Անվտանգության և գաղտնիության մասին ՀՏՀ
Կարո՞ղ է արդյոք Outline-ն ապահովել իմ անանունացումը համացանցում։
Ոչ, Outline-ը անանունացման գործիք չէ։ Այն պաշտպանում է ձեր ցանցի թրաֆիկը և թույլ չի տալիս երրորդ կողմերին հետևել դրան։
Outline-ը չի ապահովում ձեր լիակատար անանունացումը ձեր այցելած կայքերում, քանի որ դրանք կարող են նույնականացնել ձեզ, երբ դուք հաշիվ մտնեք, կամ հետևելու այնպիսի տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսին է դիտարկիչում թվային մատնահետքի ստեղծումը։ Ինչ վերաբերում է բջջային հավելվածներին, դրանցից շատերն օգտագործում են API-ներ, որոնք թույլ են տալիս տեղորոշել ձեզ GPS-ի միջոցով, նույնիսկ եթե դուք պրոքսի սերվեր եք օգտագործում։
Ընդհանուր առմամբ, VPN-ը կարևոր պաշտպանություն է ապահովում, մասնավորապես ինտերնետում հսկողության դեմ, այդուհանդերձ առցանց աշխատելիս միշտ ռիսկեր կան։ Նույնիսկ երբ VPN եք օգտագործում, եթե ԻԾՄ-ին հայտնի է ձեր ինքնությունը, այն կարող է ոչ միայն հետևել ձեր ցանցի թրաֆիկին, այլև որոշել Outline-ի սերվերի IP հասցեն, այնուհետև արգելափակել Outline-ի սերվերի հասանելիությունը կամ պատկերացում կազմել ձեր օգտագործման օրինաչափությունների մասին (օրինակ՝ երբ եք սովորաբար առցանց լինում) և հավանաբար նաև պարզել ձեր մոտավոր տեղադրությունը։
Կարո՞ղ է որևէ մեկն իմանալ՝ արդյոք ես օգտվում եմ Outline-ից։
Հնարավոր է։ Ամենայն հավանականությամբ, ձեր օգտագործած հարթակները և ծառայությունները կկարողանան որոշել, որ ձեր միացումն անցնում է ամպային սերվերի միջով։ Երբեմն դրանք կարող են պարզել, որ դուք օգտագործում եք VPN, բայց դրանց հասանելի չի լինի ձեր ինտերնետային թրաֆիկի բովանդակությունը։
Արդյո՞ք Outline-ը ինձ պաշտպանում է բոլոր հնարավոր կիբեռսպառնալիքներից։
Ոչ։ Ոչ մի գործիք չի կարող ձեզ պաշտպանել բոլոր հնարավոր կիբեռսպառնալիքներից։ Outline-ը ձեզ համար ապահովում է ազատ մուտք դեպի ինտերնետ և բարձրացնում գաղտնիության մակարդակը՝ գաղտնագրելով թրաֆիկը, այդուհանդերձ խորհուրդ ենք տալիս լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանվելու այլ տեսակի հարձակումներից, ինչպիսիք են վնասագրերը և ֆիշինգը։
Համացանցում ձեր տվյալների պաշտպանությունն ուժեղացնելու համար դիմեք ձեր կազմակերպության կիբեռանվտանգության գծով մասնագետին։ Բացի այդ, կարող եք անհատականացված խորհուրդներ ստանալ անվտանգության գծով բարձրակարգ փորձագետներից Security Planner կայքում, որտեղ նաև կգտնեք հստակ ցուցումներ, թե ինչպես ընտրել կիբեռանվտանգության ճիշտ գործիքներ՝ ձեր կարիքներին համապատասխան։
Կարող եք նաև ծանոթանալ Jigsaw-ի՝ կիբեռանվտանգության այլ պրոդուկտներին, ինչպիսիք են Intra-ն, Project Shield-ը և Գաղտնաբառի պաշտպանությունը։
Արդյո՞ք օրինական է VPN-ի օգտագործումը։
Այո, եթե դա արգելված չէ տեղական օրենսդրությամբ, ինչպես նաև այն ամպային ծառայությունների մատակարարի օգտագործման պայմաններով, որին ուզում եք միանալ։